Ռուսական С-400 համակարգերը ձեռքբերելու Թուրքիայի մտադրությունը վտանգավոր է ՆԱՏՕ-ի համար. ամերիկացի գեներալ
ՄիջազգայինՌուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրները ձեռքբերելու Թուրքիայի մտադրությունը վտանգներ է ստեղծում ՆԱՏՕ-ի համար: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսը:
Վերջինիս խոսքով՝ Անկարայի կողմից ՆԱՏՕ-ի «հայտնի հակառակորդների» կողմից կիրառվող զենքի գնումը С-400 համալիրները մատակարարող կողմին թույլ կտա ուսումնասիրել ամերիկյան F-35 կործանիչների աշխատանքն ու տեխնիկական հատկությունները:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հուլիսի 11-ին հայտարարել էր, որ Անկարան Ռուսաստանից զենիթահրթիռային համալիրները կստանա 2019-ի վերջին: Նրա խոսքով՝ գործարքը կկայանա, եթե նույնիսկ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները դեմ լինեն դրան: