Թաիլանդի իշխանությունները 1,3 մլն դոլար կծախսեն Թհան Լուանգ քարանձավի էկոհամակարգի վերականգնման համար
ՄիջազգայինԹաիլանդի կառավարությունը 1,26 մլն դոլար կծախսի Թհան Լուանգ քարանձավի էկոհամակարգի վերականգնման համար, որը տուժել է ֆուտբոլային թիմի 12 անդամների եւ նրանց մարզչի փրկության գործողության ժամանակ: Bangkok Post պարբերականը հայտնում է, որ ընթացակարգը զբոսաշրջային տուրերի համար ստորգետնյա քարանձավի նախապատրաստման գործընթացի մասն է:
Պարբերականի տեղեկություններով՝ քարանձավ զբոսաշրջային հոսքը բազմապատիկ աճել է փրկարարական գործողությունից հետո, որին հետեւում էր ամբողջ աշխարհը: Շատերն են ցանկանում սեփական աչքերով տեսնել այն նույն «Պատայի լողափը» (բարձունք քարանձավում, որտեղ սկզբում փնտրում էին երեխաներին) եւ տեղը, որտեղ 13 մարդ պատսպարվել են ջրի մակարդակի բարձրացումից:
Եթե տարածքի կառավարման պատշաճ ծրագիր չլինի, քարանձավի փխրուն միջավայրը կարող է տուժել, նախազգուշացրել են փորձագետները: Վերականգնման գործընթացի շրջանակում արդեն հեռացվել է 2,4 հազար մետր խողովակ, որոնցով ջուրն արտամղվել է:
Իշխանությունները նաեւ նախատեսում են պատրաստել քարանձավի շուրջ ընկած լանդշաֆտը՝ ապագա թանգարանի եւ Թաիլանդի ՌԾՈՒ 38-ամյա սպա Սաման Կունանուի հուշարձանի համար, որը զոհվել էր փրկարարական գործողության 13-րդ օրը: