Իտալիայի ՆԳՆ-ը մեղադրել է Թուրքիային միգրացիոն համաձայնագրի դրույթները չկատարելու համար
ՄիջազգայինԻտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին մեղադրել է Թուրքիային Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրի դրույթները չկատարելու և մասնավորապես՝ դեպի ԵՄ փախստականների անօրինական հոսքը կանխելու իր պարտավորվածությունը չկատարելու համար։
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, իտալացի նախարարը շեշտել է, որ տարեսկզբից Թուրքիայից ծովային ճանապարհով 1200 ներգաղթյալ է մուտք գործել ԵՄ։
«Տարվա սզկբից մինչ այժմ ծովային ճանապարհով 1200 ներգաղթյալ է մուտք գործել ԵՄ Թուրքիայից։ ԵՄ-ն անօրինական ներգաղթը վերահսկելու նպատակով 6 մլրդ եվրո օգնություն է տրամադրել։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։ Գուցե ոմանք թերանո՞ւմ են իրենց պարտականությունները կատարելու գործում»,- ասել է Սալվինին։
Անկարայի և Բրյուսելի միջև համաձայնագիրը կնքվել է 2016-ի մարտին և ուղղված է եղել փախստականների անվերահսկելի հոսքը դեպի Եվրոպա մեղմելուն:
Սիրիայից Թուրքիա ժամանած փախստականներին Եվրամիությունը պարտավորվել էր պահել սեփական միջոցներով, որոնք փոխանցվում էին Թուրքիային: