Մոսկվայում հանրահավաք է սկսվել ընդդեմ թոշակային բարեփոխման. 2 օրում երկրորդը
ՄիջազգայինՄոսկվայում Սախարովի պողոտայում հանրահավաք է սկսվել ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման: Այն կազմակերպել է Լիբերտարիանյան կուսակցությունը: Ակցիային մասնակցում է Ալեքսեյ Նավալնին, նա իր կողմնակիցներին հանրահավաքին մասնակցելու կոչ է արել, հայտնում է Медуза-ն:
Հուլիսի 28-ին թոշակային բարեփոխումների դեմ ակցիաներն անցկացվել էին Ռուսաստանի շատ քաղաքներում: Մոսկվայի ակցիան կազմակերպել էին կոմունիստները: «Բելիյ սչյոտչիկի» գնահատմամբ՝ հանրահավաքին մասնակցել էր 12 հազար մարդ: Բեմից կազմակերպիչներն ասում էին, որ հանրահավաքին մասնակցում է մինչեւ 100 հազար մարդ:
Հունիսի 16-ին ՌԴ կառավարությունը Պետական դումա է ուղարկել օրինագիծ, որով նախատեսվում է թոշակային տարիքի բարձրացում: Այն քննարկվել եւ հավանություն է ստացել կառավարության հունիսի 14-ի նիստում: Կառավարությունն առաջարկում է թոշակային տարիքը 2028 թվականին տղամարդկանց համար բարձրացնել մինչեւ 65 տարեկան, կանանց համար՝ 2034 թվականին մինչեւ 63: