Կամբոջայում իշխող կուսակցությունը ընտրություններում ստացել է բոլոր մանդատները
ՄիջազգայինԿամբոջայի իշխող Ժողովրդական կուսակցությունը (СРР) Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների արդյունքներով ստացել է բոլոր մանդատները, փոխանցում է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած արդյունքները:
Ընտրություններն անցկացվել են կիրակի: Մասնակցությունը կազմել է 82,71 տոկոս:
Գործակալությունը հայտնում է, որ СРР-ն ստացել է բոլոր 125 մանդատները: Նշվում է, որ ընտրական հանձնաժողովը պաշտոնական տվյալները դեռեւս չի հրապարակել:
Straits Times պարբերականը հայտնել է, որ նախնական արդյունքները կհայտնվեն հաջորդ ամսից ոչ վաղ:
Երկրի վարչապետ Հուն Սենը այս տարի բազմիցս հայտարարել է, որ 2018-ի ընտրություններում ընդդիմության իշխանության գալը կնշանակի Կամբոջայում նոր քաղաքացիական պատերազմ, եւ որ ինքն ու իր կառավարությունը դա թույլ չեն տա: Կամբոջայի առաջնորդն իր ելույթներից մեկում հայտարարել է, որ պատրաստվում է Կամբոջայում կառավարել եւս 10 տարի՝ ապահովելով ներքին կոնֆլիկտի սպառնալիքից պաշտպանությունը, մինչեւ այն ամբողջությամբ անհետանա: