Թուրքիայի ՆԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին ու Եվրոպային քուրդ զինյալներին աջակցելու համար
ՄիջազգայինԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել է ԱՄՆ-ին ու Եվրոպային «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը հովանավորելու համար, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Ըստ թուրք նախարարի՝ Արևմուտքը զինամթերք է տրամադրում Թուրքիայում ահաբեկչական ակտեր նախաձեռնող քրդերին, կրթում նրանց զինյալներին ու քաջալերում ամեն հարցում։
«Սակայն լա՛վ իմացեք՝ մեր զինվորը նրանց համար այս հողը գերեզման է դարձրել։ Մեզ վրա մատ են թափահարում, բայց Թուրքիան այլևս հին Թուրքիան չէ։ Դա նրանց չի հաջողվի», - ասել է Սոյլուն։
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: