«Գերմանիան ցանկանում է Թուրքիայի տնտեսությունը տեսնել բարգավաճ»․ Մերկելը խոսել է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի մասին
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է Թուրքիայում շարունակվող տնտեսական ճգնաժամն ու թուրքական լիրայի՝ դոլարի և եվրոյի նկատմամբ ռեկորդային անկումը։
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Մերկելը նշել է, որ նման իրավիճակը ձեռնտու չէ ոչ ոքի։
«Թուրքիայի տնտեսական անկայունությունից ոչ ոք շահ չունի»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ Գերմանիան ցանկանում է Թուրքիայի տնտեսությունը տեսնել բարգավաճ։
Հատկանշական է, որ Գերմանիայի կանցլերը, խոսելով Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին, շեշտել է երկրի Կենտրոնական բանկի՝ իշխանություններից կախյալ չլինելու կարևորության մասին։
Նշենք, որ նախօրեին թուրքական լիրան շարունակել է արագընթաց անկումը դոլարի նկատմամբ՝ գրանցելով նոր ռեկորդ․ այսօր մեկ դոլարը Թուրքիայում վաճառվել է 6,8 թուրքական լիրայով։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մեկ դոլարը 5 լիրա արժեր, իսկ անցյալ ամիս՝ 4,5-4,8 լիրա։
Մեկ եվրոն այժմ Թուրքիայում վաճառվում է 7,9 լիրայով, այն դեպքում, երբ ամսվա սկզբին մեկ եվրոն Թուրքիայում արժեր 6 լիրա։