Իտալիայում կամրջի փլուզումից հետո Լիգուրիա շրջանում մեկ տարով արտակարգ իրավիճակի ռեժիմ կմտցվի
ՄիջազգայինԻտալիայի հյուսիսում գտնվող Ջենովա քաղաքում երթևեկելի կամրջի փլուզումից հետո իշխանությունները որոշում են կայացրել մեկ տարով արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնել Լիգուրիա շրջանում, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտնել է, որ որոշումը կայացվել է երկրի նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։ Վարչապետը նաև նշել է, որ ողբերգության հետևանքների չեզոքացման համար հատկացվել է 5 մլն եվրո։
Հայտնի է նաև, որ ավելի ուշ կառավարությունը որոշում կկայացնի Իտալիայում համաժողովրդական սգո օր հայտարարելու մասին՝ ի հարգանք կամրջի փլուզման հետևանքով մահացածների։ Ի դեպ, նրանց թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 39-ի։
Նշենք, որ փլուզված կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, կառուցվել է 1960-ական թվականներին, մինչդեռ վերակառուցման աշխատանքներն իրագործվել են 2016թ.: