ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նաև այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի հետ
ՄիջազգայինԱՄՆ-ն պատրաստ է երկրորդական պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ սահմանված առաջին նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Պետդեպում Իրանի գծով նոր ներկայացուցիչ Բրայան Հուքը, գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք ակնկալում ենք, որ առևտրային ակտիվությունը, այդ թվում բեռնափոխադրումները, մինչև նոյեմբեր կհասցվեն զրոյի։ Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները կհետևեն պատժամիջոցների ռեժիմին, և ես կարծում եմ, որ կարիք չկա հիշեցնելու ԱՄՆ-ի՝ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ՝ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
Ամիսներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ: