Իտալիան սպառնում է դադարել վճարումներ կատարել ԵՄ բյուջե ներգաղթյալների հարցով դիրքորոշման պատճառով
ՄիջազգայինԻտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոն, ով նաև «Հինգ աստղի շարժում» հասարակական կազմակերպության ղեկավարն է, սպառնացել է դադարեցնել ԵՄ բյուջե փոխանցվող վճարները, եթե Բրյուսելը հստակ որոշումներ չընդունի՝ կապված Diciotti իտալական առափնյա ծառայության նավի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ Diciotti նավն օգոստոսի 15-ին 177 ներգաղթյալի է փրկել, որոնք նավաբեկության էին ենթարկվել Միջերկրական ծովի՝ Մալթայի տարածքային ջրերում: Երբ իտալացիները Մալթայի իշխանություններից թույլտվություն էին խնդրել փրկված ներգաղթյալներին երկրի նավահանգիստներից մեկը հասցնելու համար, Վալետան մերժել էր:
Դրանից հետո փրկարարական նավը 5 օր գտնվել է իտալական Լամպեդուզա կղզու գոտում՝ սպասելով Հռոմի որոշմանը, և միայն երկուշաբթի երեկոյան փախստականներին տեղափոխել է Սիցիլիա:
Սակայն Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին թույլ չի տվել ներգաղթյալներին ափ իջնել, որպեսզի տվյալ խնդրի որոշումը գտնվի եվրոպական հարթակում: