Սերբիայի եւ Կոսովոյի նախագահները կողմ են հանդես եկել երկու երկրների սահմանների փոփոխությանը
ՄիջազգայինՍերբիայի եւ Կոսովոյի նախագահները հայտարարել են, որ պատմական խաղաղ կարգավորմանը հասնելու համար դիտարկում են երկու երկրների սահմանների փոփոխությունը եւ կոչ են արել Եվրամիությանն առանցքային աջակցություն ցուցաբերել իրենց ջանքերին: Այս մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտություն»-ը՝ վկայակոչելով Politico-ն:
Կոսովոն եւ Սերբիան սահմանների փոփոխության գաղափարը սկսել են քննարկել մի քանի շաբաթ առաջ: Սակայն նախագահների՝ այս կապակցությամբ նախօրեին արված հայտարարություններն առաջին անգամ էին հնչեցվում միջազգային հանրության առջեւ:
Պարբերականը նշում է, որ Ավստրիայում կայացած քննարկումների ժամանակ արված իրենց հայտարարությամբ Ալեքսանդր Վուչիչը եւ Հաշիմ Թաչին բարդ իրավիճակի մեջ են դրել Եվրամիությանը:
ԵՄ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Խանը, ով եւս ներկա էր քննարկումներին, դիվանագիտական դիրքորոշում է արտահայտել՝ հայտարարելով, որ երկրների միջեւ բանակցությունների այս փուլում ոչինչ բացառել չի կարելի, սակայն առաջնորդներին կոչ է արել ապահովել, որպեսզի ցանկացած գործարք չապակայունացնի Բալկանյան տարածաշրջանը:
Սերբիայի եւ Կոսովոյի նախագահները կոչ են արել Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին թույլ տալ իրենց ուսումնասիրել սահմանների՝ երկար ժամանակ տաբուացված թեման: