Պենտագոնը Հնդկաստանին պատժամիջոցներով է սպառնում ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման դեպքում
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները չեն բացառել Հնդկաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, եթե վերջինս Ռուսաստանից գնի С-400 զենիթահրթիռային համակարգերը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Ռենդալ Շրիվերը:
«Մենք լրջորեն կմտահոգվենք, եթե Հնդկաստանը Ռուսաստանից ձեռք բերի այդ համակարգերը և շարունակի համագործակցությունը: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ տեղի կունենա, եթե Հնդկաստանը շարունակի ձեռքբերման գործընթացը », - ասել է Շրիվերը:
Նա նշել է, որ իրենք պատրաստ են բանակցել Հնդկաստանի հետ պաշտպանության ոլորտում այլընտրանքների մասին՝ առաջարկելով այլ համակարգեր ձեռք բերել:
Ամերիկյան վարչակազմը տրամադրված է, որ սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի՝ Նյու Դելի կատարելիք այցի շրջանակներում փորձ արվի Հնդկաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բերել, որը կենթադրի նաև ռազմական տեխնիկայի առք ու վաճառք: