Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելության ղեկավարումը ստանձնել է գեներալ Սքոթ Միլլերը
ՄիջազգայինԱֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» (Resolute Support) խաղաղարար առաքելության ղեկավարումը սեպտեմբերի 2-ին ստանձնել է ամերիկացի գեներալ Սքոթ Միլլերը՝ փոխարինելով Ջոն Նիքոլսոնին:
Քաբուլում կազմակերպված արարողության ժամանակ ունեցած ելույթում Միլլերը հայտարարել է, որ ստիպված է լինելու կոշտ որոշումներ կայացնել: Նա նշել է, որ երկրում քաղաքական հաշտեցման նախադրյալներ ապահովելու համար ռազմական ճնշում է հարկավոր, հաղորդում է DW-ն:
Միլլերի ենթակայության ներքո Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի 16.000 զինծառայող կա: Նրանք հիմնականում զբաղվում են կառավարական զորքերի ուսուցմամբ:
Միլլերը, որը մինչ այս Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության ղեկավարն է եղել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից այս պաշտոնում նշանակված առաջին հրամանատարն է: