Հրապարակվել է ՄԱԿ-ի գաղտնի հրամանագիրը Սիրիայի հարցով
ՄիջազգայինՀրապարակվել է ՄԱԿ-ի գաղտնի հրամանագիրը՝ նվիրված Սիրիայում տարվող աշխատանքներին: Հրամանագրի անգլալեզու տարբերակն ու թարգմանությունը հրապարակել է Коммерсантъ պարբերականը:
Հրամանագիրը կազմվել է դեռևս 2017-ի հոկտեմբերին: Ինչպես նշվում է, այն ՄԱԿ-ի քարտուղարության ներքին փաստաթղթի կարգավիճակ ունի և բնորոշում է Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչների և կառույցների աշխատանքի սկզբունքները: Մասնավորապես, փաստաթղթում ընդգծվում է, որ կազմակերպությունը կսկսի աջակցել Սիրիայի վերակառուցմանը միայն այն բանից հետո, երբ կիրականացվի «իշխանության իրական և համապարփակ քաղաքական անցումը»:
«Հումանիտար արձագանքման ծրագիրը պետք է երաշխավորի ՄԱԿ-ի հնարավորությունն իրականացնելու կենսական նշանակության հումանիտար գործունեությունը կյանքեր փրկելու և մարդկանց հիմնական պահանջներն ապահովելու ուղղությամբ:
Զարգացման կամ վերականգնման միջոցառումները, որոնք դուրս են գալիս այս սահմաններից, պետք է արտացոլվեն այլ մեխանիզմներում, որոնք առավել երկարատև բանակցություններ են պահանջում:
Коммерсантъ -ի տեղեկություններով՝ փաստաթղթի հեղինակն է ամերիկացի դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով նախկին տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, որը պաշտոնից հեռացել է այս տարվա գարնանը: