Կատարը ծրագրում է միլիարդավոր դոլարների ներդրում անել Գերմանիայում
ՄիջազգայինԿատարը ծրագրում է միլիարդավոր դոլարների ներդրումներ անել Գերմանիայում եւ ընդլայնել երկրի միջին ընկերություններում ներդրումները: Այս մասին գրում է Handelsblatt-ը՝ վկայակոչելով դիվանագիտական եւ կորպորատիվ աղբյուրներին:
Նշվում է, որ Կատարի ներդրումային մարմինը (QIA) եւ մասնավոր հատվածի խաղացողները շահագրգռված են գերմանական արտադրական ընկերություններում ներդրումներով:
«Մենք Գերմանիան համաշխարհային տնտեսությունում առանձին խաղացող ենք համարում եւ մեծ լավատեսությամբ ենք հետեւում գերմանական շուկային»,- ասել է Կատարի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ ալ-Էմադին: Նրա խոսքով՝ Կատարի պատվիրակությունը խոշոր ներդրումների մասին կհայտարարի սեպտեմբերի 7-ին Բեռլինում նախանշված ֆորումի ժամանակ:
Կատարը բնական գազի խոշորագույն արտահանողն է աշխարհում, մասնաբաժիններ ունի գերմանական այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Volkswagen-ը, Deutsche Bank-ը, Siemens-ը, Hochtief-ը եւ SolarWorld-ը:
Ալ Էմադին նշել է, որ Կատարը գոհ էր իր ներդրումներից՝ չնայած որոշակի վնասներ է կրել Solarworld եւ Deutsche Bank նախագծերին մասնակցությունից: