Լոնդոնը հրաժարվել է տրամադրել Սկրիպալների գործով կասկածյալների մատնահետքերը. ՌԴ արտգործնախարարություն
Միջազգային Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լոնդոնը չի տրամադրի Սկրիպալների գործով կասկածյալ երկու տղամարդկանց մատնահետքերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
«ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը խնդրել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին տրամադրել երկու տղամարդկանց մատնահետքերը, որոնց Լոնդոնում կասկածյալ են անվանել Սոլսբերիի գործով և կապել Ռուսաստանի հետ: Դեսպանը հայտնել է, որ բրիտանական կողմը չի տրամադրի այդ նյութերը»,- նշել է դիվանագետը:
Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ գրոհի համար պատասխանատու են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Նա նշել Է, որ հանցագործությունը կատարել են երկու ռուսաստանցիներ՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ, որը հայտնի Է նաեւ որպես ԳՀՎ:
«Հիմնվելով հետախուզության տրամադրած տեղեկատվության վրա՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եկավ այն եզրակացության, որ այդ երկու մարդիկ, որոնց անունները նշել են ոստիկանությունը եւ Թագավորական դատախազական ծառայությունը, ռուսական ռազմական հետախուզության ծառայողներ են»,-ասել Է նա: Բրիտանական կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ գործողությունն ամենայն հավանականությամբ արտոնված է եղել Կրեմլի կողմից: