Իսրայելը գաղտնի հովանավորել է սիրիացի ապստամբներին. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԻսրայելը գաղտնի զինել և հովանավորել է Սիրիայի հարավում գործող ապստամբ ուժերին, որոնք թույլ չէին տալիս իրանամետ ուժերին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիրքեր գրավել սիրիա-իսրայելական սահմանի մոտակա շրջաններում: Այս մասին գրում է Foreign Policy պարբերականը՝ հղում անելով այդ զորամիավորումների ավելի քան երկու տասնյակ հրամանատարների և զինվորների:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ խոսքն առնվազն 12 խմբավորման մասին է, որոնք զենք և ֆինանսավորում են ստացել վերջին մի քանի տարում: Իսրայելական ուժային կառույցները սպառազինում են փոխանցել երեք կետով, որոնք միավորում են վիճարկելի Գոլանի բարձունքներն ու Սիրիան: Վերջին փոխանցումն իրականացվել է այս տարվա հուլիսին:
Foreign Policy-ի հաշվարկներով՝ յուրաքանչյուր զինվորի ամսական շուրջ 75 դոլարի չափով աշխատավարձ է հատկացվել: