Սկրիպալների դեմ մահափորձի մեջ կասկածվողները բազմիցս Ժնեւ են մեկնել. Telegraph
ՄիջազգայինԵրկու ռուսաստանցիները, որոնց բրիտանական քննչական մարմինները կասկածում են Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների դեմ մահափորձի մեջ, 2016-ի սեպտեմբերից 2018-ի մարտ գրեթե 30 անգամ Եվրոպա են թռչել. ըստ որում՝ ավելի հաճախ Շվեյցարիայի մեծությամբ երկրորդ քաղաք Ժնեւ: Այս մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում աղբյուրներին:
Աղբյուրների խոսքով՝ այժմ չափազանց կարեւոր է պարզել, թե կասկածյալները Ժնեւում ում հետ են հանդիպել, եւ սա առանցքայնին նշանակություն ունի ընթացող քննության համար:
Հաղորդվում է, որ տղամարդիկ ճանապարհորդել են ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին: Նրանք նշված ժամանակահատվածում Ժնեւ են այցելել նվազագույնը 6 անգամ, ընդհանուր առմամբ այնտեղ անցկացնելով մի քանի շաբաթ:
Պարբերականը նշում է, որ նրանք այնտեղ են եղել 2017-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ Ժնեւում անցկացվում էր Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ռաունդներից մեկը: Այս տարվա մարտի 4-ին Լոնդոնից տղամարդկանց հեռանալուց հետո նրանց ռուսական արտասահմանյան անձնագրերը, որ տրված էին 2016-ի սեպտեմբերին, այլեւս չեն օգտագործվել:
Պարբերականը նշում է, որ ավիատոմսերի եւ հյուրանոցների համար պետք է բավականին խոշոր գումարներ ծախսվեին: Ավելի վաղ The Daily Telegraph-ը հայտնել էր, որ կասկածյալները Մեծ Բրիտանիա մուտքի վիզաներ ստանալու համար իբր ներկայացել են որպես Սանկտ Պետերբուրգից ձեռնարկատերեր: