Կատալոնիայի օրը Բարսելոնայում նշել են անկախ հանրապետություն ստեղծելու պահանջով
ՄիջազգայինԿատալոնիայի ազգային օրվա առթիվ մեկ միլիոն մարդ է դուրս եկել Բարսելոնայի փողոցներ՝ «Կատալոնական հանրապետություն ստեղծելու» պահանջով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Բարսելոնայի ոստիկանությանը:
Հենց այդ կարգախոսով էլ երեքշաբթի անցկացվել է Դիադան՝ Կատալոնիայի ազգային օրը, որն ամեն տարի ինքնավար մարզում նշվում է երեք հարյուրամյակ առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատվին:
Իրականում սեպտեմբերի 11-ը ոչ թե որևէ հաղթանակի, այլ պարտության ամսաթիվ է: Այդ օրը 1714 թվականին պաշտոնապես ավարտվել է իսպանական ժառանգության համար պատերազմի վերջին մարտը. Ֆելիպե V արքայի զորքերը ճեղքել են Բարսելոնայի պաշարումը: Արագոնի թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց, կատալոնացիների ինքնավարությունը վերջնականապես վերացվել է:
Բարսելոնայի կենտրոնական հրապարակում առավոտյան ցուցադրվել է այդ իրադարձությունների բեմադրությունը, որից հետո մարդիկ ուղղվել են դեպի Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի շենք: