Չեխիայում սինթետիկ թմրանյութի պատճառով մեկ մարդ մահացել է, ավելի քան 20-ը՝ թունավորվել
ՄիջազգայինՉեխիայի ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ անձանց, որոնք ենթադրաբար արհեստական կանեփի հիման վրա պատրաստված ու կյանքի համար վտանգավոր թմրանյութ են տարածել Օստրավա քաղաքում և դրա մերձակայքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
Ոստիկանության ներկայացուցիչ Գաբրիելա Պակորնայի խոսքով՝ բերման է ենթարկվել 17-41 տարեկան 5 կասկածյալ, որոնց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ վտանգավոր թմրանյութի պատրաստման ու տարածման համար:
Պակորնա նշել է, որ այս խառնուրդը կարող է խիստ վտանգավոր լինել մարդու կյանքի համար՝ հատկապես ալկոհոլի հետ համատեղ օգտագործելու դեպքում: Այն արդեն դարձել է ավելի քան 20 մարդու թունավորման և մեկի մահվան պատճառ: Նա նաև հավելել է, որ արտաքինից այն հաճախ չորացրած բույսեր և բնական կանեփ է հիշեցնում, սակայն պատրաստված է սինթետիկ կաննաբինոիդներից: