ԱՄՆ-ում մոլեգնող «Մայքլ» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
ՄիջազգայինԱՄՆ-ում առնվազն 13 մարդ է մահացել երկրում մոլեգնող «Մայքլ» փոթորիկի հետևանքով, որն ամենահզորներից մեկն է Միացյալ Նահանգների պատմության մեջ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին, փոթորիկի ավերիչ ազդեցությունը զգացվում է Ֆլորիդա, Ջորջիա, Հարավային Կարոլինա, Հյուսիային Կարոլինա և Վիրջինիա նահանգներում: ԱՄՆ արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ֆլորիդայի իշխանություններն ավելի քան 400 000 մարդու են տարհանել վտանգավոր գոտիներից: Շուրջ 1.1 մլն սպառող մնացել է առանց էլեկտրականության:
Նախնական գնահատումներով՝ տարերային աղետի հասցրած վնասի չափը կարող է կազմել 16 մլրդ դոլար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի ամենից շատ տուժած Ֆլորիդա և Ջորջիա նահանգներ: