ԱՄՆ-ում այսօր ուղարկված ռումբերն իրական են եղել. Օբամայից և Քլինթոններից բացի թիրախում է հայտնվել ԿՀՎ-ի նախկին տնօրենը
ՄիջազգայինՆյու Յորքի «Թայմս-Ուորներ» կենտրոն ուղարկված պայթուցիկ սարքն աշխատող է եղել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:
Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում ռումբը նկարագրել են որպես «պարզունակ, սակայն գործող»: Դա նշանակում է, որ այն կարող է իրական վնաս հասցնել:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, տարհանվել էր նաև ամերիկյան CNN հեռուստաալիքի խմբագրությունը, որը գտնվում է «Թայմս-Ուորներ» կենտրոնում: Հաղորդվում է, որ ռումբն ստացվել է առավոտյան փոստի միջոցով: Կապոցը հասցեագրված է եղել ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանին:
Ոստիկանությունից հայտնել են նաև, որ ռումբից բացի CNN-ի խմբագրություն սպիտակ փոշիով ծրար է ուղարկվել:
Մինչ այդ հաղորդվում էր, որ ամերիկյան հատուկ ծառայություններն այսօր հայտնաբերել են պայթուցիկ սարքերը, որոնք անհայտ անձինք ուղարկել էին Բարաք Օբամային և Բիլ ու Հիլարի Քլինթոններին: