Վրաստանի ԿԸՀ-ն հայտնել է ընտրությունների առաջին խախտումների մասին
ՄիջազգայինՎրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միկելաձեն պատմել է նախագահական ընտրությունների առաջին մի քանի ժամվա ընթացքում արձանագրված ընթացակարգային խախտումների մասին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Քոբուլեթիի №32 ընտրատեղամասում քվեաթերթիկում թեկնածուներից մեկի համարը հստակ չի երեւացել։ Այս առնչությամբ կազմվել է ակտ, իսկ ընտրողներին տեղեկացնելու նպատակով ընտրատեղամասում թեկնածուների մասին լրացուցիչ տեղեկություն է ներկայացվել։
Մարնեուլիի №48 տեղամասում քվեարկության գործընթացի մեկնարկին հանձնաժողովի անդամները նկատել են, որ քվեատուփը ճաքճքած է։ Այն փոխարինել են նորով եւ ներկայումս քվեարկությունն ընթանում է բնականոն ռեժիմով։
Բացի այդ, Միքելաձեի փոխանցմամբ՝ Փոթիում մի քանի բողոք է ներկայացվել քվեարկության գործընթացի առնչությամբ։
«Ընտրական մարմինները օրենքի շրջանակներում ուսումնասիրում են խախտումները եւ արձագանքում տվյալ փաստերին: Դրանցից միայն մեկ փաստ է հաստատվել: Այս պահին նշված ընտրատեղամասերում քվեարկության ընթացքը ընթանում է առանց խոչընդոտների»,-նշել է Միքելաձեն։
Ըստ Միկելաձեի՝ ԿԸՀ-ն նաեւ տեղեկություն է ստացել, որ «Ապրիորի» կազմակերպության դիտորդը եւ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչը միջամտել են հանձնաժողովի աշխատանքին: