Մակեդոնիան և Հունաստանը 10 տարվա ընդմիջումից հետո վերականգնում են ավիահաղորդակցությունը
ՄիջազգայինՄակեդոնիան և Հունաստանը վերականգնում են ուղիղ ավիահաղորդակցությունն ավելի քան տասնամյա ընդմիջումից հետո, որը կապված էր բալկանյան երկրի անվանումը փոխելու շուրջ վիճաբանության հետ:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Սկոպյեի և Աթենքի միջև օդային կապը գործել է 2003-2007 թվականներին, սակայն դադարեցվել է, երբ Մակեդոնիայի նախկին պահպանողական կառավարությունը Սկոպյեի օդակայանն անվանել է Ալեկսանդր Մակեդոնացու պատվին՝ հարուցելով Աթենքի զայրույթը:
Մակեդոնիայի ներկայիս կառավարությունը փոխել է մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի անվանումը՝ որպես բարի կամքի նշան, իսկ ավելի ուշ համաձայնագիր է ստորագրվել երկրի անվանափոխության մասին: Այժմ երկիրը կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Սկոպյեի օդանավակայանի օպերատորի տվյալներով՝ հունական Aegean Airlines ավիաընկերությունը նոյեմբերի 6-ից կսկսի շաբաթական երկու անգամ թռիչքներ իրականացնել դեպի Սկոպյե: