Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հրաժարվել «պատերազմի մշակույթից» և վերջ դնել հակամարտություններին
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապն Առաջին աշխարհամարտը, որի ավարտի հարյուրամյակը նշվում է այսօր, անվանել է դաժան նախազգուշացում բոլոր մարդկանց համար և կոչ է արել կիրառել բոլոր օրինական միջոցները վերջ դնելու համար զինված հակամարտություններին, որոնք շարունակվում են տարբեր տարածաշրջաններում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին Հռոմի պապն ասել է կիրակնօրյա քարոզի ժամանակ՝ ելույթ ունենալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առաջ: Սրբազան քահանայապետը հիշեցրել է Հռոմի Բենեդիկտոս XV պապի խոսքը, որն Առաջին աշխարհամարտն անվանել էր «անօգուտ սպանդ»:
«Առաջին համաշխարհային հակամարտության պատմական էջը բոլորի համար դաժան նախազգուշացում էր պատերազմի մշակույթից հրաժարվելու և ցանկացած օրինական միջոցներ փնտրելու անհրաժեշտության մասին, որպեսզի վերջ դրվի հակամարտություններին, որոնք դեռ շարունակում են արյունահեղել աշխարհի շատ տարածաշրջաններ:
Աղոթելով այդ ողբերգության բոլոր զոհերի համար՝ ամբողջ ուժով ասենք՝ մենք ուժերը ներդնում ենք խաղաղության և ոչ թե պատերազմի մեջ», - ասել է Ֆրանցիսկոս պապը: