ՄԱԿ-ի ԱԽ-ն արգելափակել է Կերչի նեղուցի ճգնաժամի քննարկումը
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելափակել է Կերչի նեղուցի դեպքերի հետ կապված քննարկման պահանջը, որն առաջադրել էր Ռուսաստանը, տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Հայտնի է, որ ռուսական կողմը կոչ էր արել անհապաղ քննարկում հրավիրել Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի շուրջ:
Նշվում է, որ օրակարգին դեմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ անդամ 7 երկիր, կողմ են արտահայտվել միայն 4-ը: Եվս 4 անդամ նախընտրել է ձեռնպահ մնալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:
Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի դրանից, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու մեջ: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: