60 մլրդ դոլարի շրջանառություն. ոստիկանները բացահայտումներ են արել Եվրոպայի ամենահզոր մաֆիայի ցանցում
ՄիջազգայինԱյս շաբաթ Եվրոպայի չորս երկրում անցկացված ոստիկանական արշավների արդյունքում հաջողվել է բացահայտել իտալական մաֆիայի ամենահզոր ցանցի՝ «Նդրանգետայի» փողերի լվացման և թմրանյութի վաճառքի ծրագրերը:
Ինչպես հայտնում է CNN-ը, ամենահզոր իտալական հանցավոր խմբավորման դեմ ոստիկանական արշավները մեկնարկել են երկու տարվա նախապատրաստումից հետո: Դրանց ընթացքում ոստիկանները 90 մարդու են ձերբակալել:
Ոստիկանական գործողությունները հաջորդել են սիցիլիական մաֆիայի՝ «Կոզա Նոստրայի», այսպես կոչված, կնքահոր ձերբակալությանը: Սիցիլիայում անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալել էին նաև նրա կողմնակիցներից 46-ին:
Հաղորդվում է, որ «Նդրանգետայի» դեմ մեկ տասնամյակ շարունակ պատժամիջոցներ էր սահմանել ԱՄՆ գանձապետարանը, սակայն հանցավոր խմբավորմանը հաջողվում էր գործունեություն իրականացնել՝ կոկաին վաճառելով և ամրապնդելով կապերը հանցավոր խմբավորումների հետ Լատինական Ամերիկայում, Նյու Յորքում, Թուրքիայում և Ալբանիայում:
Մասնագետները «Նդրանգետայի» տարեկան շրջանառությունը գնահատում են 60 մլրդ դոլար, որը հավասար է Խորվաթիայի կամ Բուլղարիայի ՀՆԱ-ին: Բացի դրանից, հանցավոր խմբավորումը վերահսկում է Եվրոպա մուտք գործող կոկաինի 80 տոկոսը: