Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի զինված ուժերը մտնելու են Սիրիայի քրդաբնակ Մանբիջ քաղաք: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Էրդողանը շեշտել է, թե քանի որ ԱՄՆ-ը չի կատարել իր խոստումները, Թուրքիայի ԶՈՒ-ն պետք է անհապաղ մտնի Մանբիջ և այնտեղից դուրս հանի քուրդ զինյալներին:
«Ես բացահայտ ասում եմ, որ պետք է մտնենք Մանբիջ և մաքրենք այն: Մենք շատ ժամանակ ենք կորցրել Եփրատի արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Արդեն չենք կարող գեթ մեկ օր ուշանալ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Պենտագոնը «անընդունելի» է որակել սիրիական Մանբիջում թուրքական ԶՈՒ ծրագրվող գործողությունները: Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերտսոնը Թուրքիային հիշեցրել է, որ Մանբիջում ամերիկացի զինվորականներ կան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 12-ին հայտնել էր, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում:
Ռազմական գործողությունները ծրագրվում է իրականացնել Եփրատ գետի արևելյան ափին տեղակայված քրդական ուժերի դեմ: Էրդողանը միևնույն ժամանակ նշել էր, որ թուրքական ԶՈՒ-ի թիրախը լինելու են ոչ թե ամերիկացի զինվորները, այլ՝ քրդերը: