Զորակոչիկների իրավունքների խախտումները 35 տոկոսով ավելացել են
TV2017 թվականի ձմեռային եւ 2018 թվականի ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների խախտման դեպքերով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 94 զորակոչիկներ կամ նրանց հարազատներ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Անցած տարվա համեմատ, դիմողների թիվն աճել է 35 տոկոսով:
Խախտված իրավունքների թվի ավելացումը բանախոսը մի քանի գործոններով է պայմանավորում`իրազեկման մակարդակն է բարձրացել, առողջական խնդիրներով բանակ զորակոչվող քաղաքացիների թիվն է ավելացել, նաեւ`քաղաքացիները, մասնավորաբար, զորակոչիկները ավելի իրավագիտակից են դարձել: Իրենց դիմած 94 քաղաքացիներից 67-ը համաձայն չեն բժշկական փորձաքննությունների արդյունքների հետ, պատշաճ բուժզննում չեն անցնում, նրանց առողջական խնդիրները չեն լուծվում եւ այդպես զորակոչվում են:
Կազմակերպության աջակցության արդյունքում 19 քաղաքացու տարկետում է տրամադրվել`մինչեւ մեկ տարի ժամկետով, 7 հոգի ճանաչվել են զինվորական ծառայությանը ոչ պիտանի եւ ազատվել են ծառայությունից, մեկ հոգու վերաբերյալ զինծառայությանը պիտանի լինելու մասին որոշումն է փոխվել: Զորակոչիկը վիրահատության է ենթարկվել, հաջորդ զորակոչին նրա`ծառայության պիտանելիության հարցը կքննարկվի: 12-ն էլ զորակոչվել են ծառայության, թեպետ համաձայն չեն եղել իրենց`զինապարտ լինելու մասին որոշման հետ: Նրանցից 10-ը բողոքարկել են այդ որոշումը: