Իշխանությունը՝ Postfactum ռեժիմում
ՀասարակությունԱրվում է որևէ քայլ, ընդունվում է որոշում կամ գցվում են «սլիվներ», այնուհետ, հասարակական որոշակի դժկամ արձագանքներից հետո սկսում են տրվել ուշացած պարզաբանումներ: Իշխանության ներկա վարկանիշն, իհարկե, մեղմում է հնարավոր դժգոհությունների ալիքը: Մյուս կողմից էլ՝ լինելով ֆեյսբուքյան հարթակի ակտիվ ներկայացուցիչներ՝ դժգոհության դրսևորումները ամեն դեպքում արագ են տեղ հասնում և արձագանքն էլ արագ է լինում: Բայց մշտապես հետահայաց կերպով:
Թափանցիկության մեխանիզմների ներդրման ուղղությամբ առայժմ այս պահին որևէ բան արված չէ: Բացի նախորդ իշխանությունների հետ համեմատվելուց, վերջիններիս ներփակ և կուլիսային էությունը մեջբերելուց, սեփական թափանցիկ աշխատանքի ուղղությամբ որևէ քայլ արված չէ:
Ընդ որում, երբ ասում ենք թափանցիկություն, նկատի չունենք ինֆորմացիայի չոր ու միագիծ ներկայացումը: Խոսքը մեկնաբանման մասին է: Օրինակ, այժմ քննարկվում է կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծ, ըստ որի որոշ գերատեսչություններ օպտիմալացվելու են: Թե ինչո՞ւ, ի՞նչ քաղաքականությամբ է դա հիմնավորվում, օպտիմալացման արդյունքում քանի՞ հոգի է մնալու գործազուրկ, գործազուրկ մնացողներից խնայված գումարները ծառայելու են հանուն ինչի՞, անհայտ է: Անհայտ էր գոնե մինչև բողոքի ակցիաներն ու գործադուլները:
Տպավորություն է ստեղծվում, թե ժողովրդի իշխանությունը կարծիք ունի, որ իր քայլերը առանց մեկնաբանման էլ հասկանալի ու ընդունելի են նույն այդ ժողովրդին ու որ հավել յալ մեկնաբանման կարիք չկա: Այնինչ, ինչպես ցույց է տալիս վերջին շրջանում հաճախակիացող տարատեսակ դժգոհությունների շարքը, մեկնաբանման կարիք կա: Լավ կլինի այդ կարիքը արձանագրվի հիմա, երբ դեռ կա ահռելի վարկանիշ, որովհետև ժամանակի հետ թափանցիկության բացակայությունը քայքայելու է այդ վարկանիշը: