Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին
ՄիջազգայինԲելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն հունվարի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։
Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ հիմնական դաշինք ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությանը և բոլոր այն նախագծերում մասնակցելու պատրաստակամությանը, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ տարածքում։