Մարտի 1–ի հետքերով. ի՞նչ ճակատագիր է սպասվում երեք նախագահներին
Միջազգայինeadayli.com–ը «Հայաստան. մի նախկին նախագահը արդեն նստած է, իսկ մյուս երկուսին հարցաքննում են Սորոսի մարդիկ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մարտի 1–ի գործով հարցաքննել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին: Նշենք, որ ավելի վաղ նույն գործով մի քանի անգամ հարցաքննվել էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդ որում, Սարգսյանի իրավաբան Արամ Մակինյանը հայտարարել է, որ սուտ են այն լուրերը, թե Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել ներկայումս կալանքի տակ գտնվող՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ավելի վաղ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը, որը հանդիսանում է Սորոսի հիմնադրամի «Հայաստանի բաց հասարակություն» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը, հայտարարել էր, որ մարտի 1–ի գործով հարցաքննվելու են բոլոր պաշտոնատար անձինք: Նշենք, որ այդ գործով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:
Կամո Խաչիկյան