Քրիստոնյա լինելը շատ կարևոր է, որպեսզի լինես «իսկական հայ»
Միջազգայինregnum.ru-ն գրում է, որ ըստ Pew հետազոտական կենտրոնի, Արևել յան Եվրոպայի բնակիչների մեծ մասի համար քրիստոնյա (կաթոլիկ և ուղղափառ) լինելը հանդիսանում է ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը: Երկրների շարքում, որոնց բնակիչները քրիստոնյա լինելը համարում են իրենց ազգի բնութագրիչ՝ առաջատար է Հայաստանը: Այստեղ բնակչության 82% -ը կարծում է, որ քրիստոնյա լինելը կարևոր և անգամ շատ կարևոր է, որպեսզի լինես «իսկական հայ»: Այս ցուցանիշից միայն 4 % -ով հետ է մնում Վրաստանը (78%): Ապա գալիս են Սերբիան՝ 76%, Հունաստանը և Ռումինիան` 74%: Լեհաստանը 6-րդ տեղում է 64%-ով, Ռուսաստանը` տասներկուերորդը (57%), Ուկրաինան՝ տասնհինգերորդը (51%), Բելառուսը՝ տասնյոթերորդը (45%): Իսկ Արևմտյան Եվրոպայում, ի տարբերություն Արևել յան Եվրոպայի, շատերը քրիստոնեությունը չեն համարում ազգային ինքնության կարևոր մաս: Եվ որոշ երկրներում, օրինակ, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում մեծամասնությունը այն կարծիքին է, որ «իսկական ֆրանսիացի» կամ «իսկական բրիտանացի» լինելու համար պարտադիր չէ քրիստոնյա լինել: Նույն իրավիճակն է Իսպանիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Նորվեգիայում, Բելգիայում, Դանիայում, Էստոնիայում, Շվեդիայում: Այն երկրների շարքում, որտեղ քրիստոնեությունը չեն համարում ազգային ինքնության համար կարևոր, առաջատարը Լատվիան է. այստեղ բնակչության 84%-ը այդ կարծիքն ունի:
Կամո Խաչիկյան