Թուրքերը ոգևորությամբ են այցելում Փարաջանովի ցուցահանդես
Միջազգայինeurasianet.org-ը «Թուրքերը հոծ զանգվածներով են այցելում հայ ռեժիսորի՝ Ստամբուլում բացված առաջին ցուցահանդեսին» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի առաջատար թանգարաններից մեկը՝ Պերայի թանգարանը, անցած տարվա դեկտեմբերից կազմակերպել է հանգուցյալ մեծ կինեմատոգրաֆիստ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների մասշտաբային ցուցադրությունը: Հայ ռեժիսոր Փարաջանովի ստեղծագործությունների ցուցադրությունը բացահայտում է ինչպես առկա պրոբլեմները, այնպես էլ մշակութային փոխանակության նշանակությունը անգամ փակ սահմանների դեպքում: Ներկայումս ցուցադրություն այցելել է արվեստի ավելի քան 45 000 սիրահար: Ցուցադրության ներկայացված 76 ստեղծագործությունները՝ ռեժիսորի կոլաժները, կոստյումները, նկարները և լուսանկարները, Ստամբուլ են բերվել Երևանի Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանից: Այս ամենը իրականացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Այնուամենայնիվ, այդ հարաբերությունները առկա են նկարիչների, գործարարների և հասարակական այլ խմբերի միջև: Պերայի թանգարանը ծանոթացնում է Թուրքիային 20-րդ դարի խոշորագույն կինեմատոգրաֆիստ Փարաջանովի հետ, ցուցադրությունը նվիրված է նրա ծննդյան 95-ամյակին:
Կամո Խաչիկյան