Ուկրաինայում կարող են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը
ՄիջազգայինՈւկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել բժշկական նպատակով կանեփի օրինականացման խնդրագրին, հաղորդում է TCH հեռուստաալիքը:
Ավելի վաղ 25 հազարից ավելի քաղաքացի համապատասխան խնդրանքով դիմել էր կառավարությանը: Խնդրագրում նշվում է մարիխուանան թմրանյութերի ու հոգեմետ միջոցների շարքից հանելու անհրաժեշտության մասին:
Խնդրագրին կողմ է արտահայտվել Ուկրաինայի առողջապահության նախարար Ուլյանա Սուպրունը: Նա նշել է, որ կանեփն օգնում է թեթևացնել հիվանդների տառապանքները և մի շարք ծանր հիվանդությունների դեպքում կայունացնել հիվանդի ինքնազգացողությունը, իսկ որոշ վերապահումներով դրա օգտագործումը բժշկության մեջ «համաշխարհային նորմալ պրակտիկա» է:
Ուկրաինայում կանեփի ցանկացած տիպի օգտագործումն արգելված է: Այս հարցը քննելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի: