Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին
ՄիջազգայինՏասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Քրայսթչերչում մզկիթում սպանված 50 մահմեդականների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, հաղորդում է Press Association-ը:
Ըստ տեղական իշխանությունների հաշվարկների՝ Հեգլի զբոսայգում, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը, հավաքվել է շուրջ 40 000 մարդ:
Ողբերգության զոհերին հիշում էին այն բեմից, որտեղ պետք է տեղի ունենար Բրայն Ադամսի համերգը, որը չեղարկվել էր հարձակման հետեւանքով:
Արարողության ժամանակ ելույթ են ունեցել նաեւ Քաշմիրի ավագ դպրոցի ներկայացուցիչները, որոնց երկու աշակերտները եւս զոհվել էին մզկիթներում հրաձգության պատճառով:
Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել նորզելանդական Քրայսթչերչի երկու մզկիթներում հրաձգության մասին, որոնցում այդ պահին գտնվում էին հարյուրավոր մարդիկ: Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել էին երեք մարդու հարձակումները կազմակերպելու կասկածանքով, սակայն մեղադրանք էր առաջադրվել նրանցից միայն մեկին: Ըստ վերջին տվյալների՝ հարձակման հետեւանքով զոհվել էր 50 մարդ, եւս 50-ը վիրավորվել էին եւ տեղափոխվել քաղաքի հիվանդանոցներ:
Ներկայումս 28-ամյա Բրենթոն Թարանթը գտնվում է կալանքի տակ մինչեւ ապրիլի 5-ը. նա մեղադրվում է սպանության մեջ: