«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
-Նազենի, ի՞նչն է Ձեզ բերել Կրթության գերազանցության ծրագրի մեկնարկին: Հրավիրվա՞ծ եք, թե՞ նաև հետաքրքրված:
-Անշուշտ, առաջնահերթը հրավերն էր, և այո, հետաքրքրված եմ ցանկացած նոր ծրագրով, որն առաջարկում է ավելի որակյալ և հետաքրքիր կրթություն: Ես կարծում եմ, որ վերապատրաստումը՝ որպես այդպիսին, լինի ուսուցչի թե ուսանողի, պետք է լինի հիմքի վրա, և հիմքը դպրոցն է: Ես այսօր դասավանդում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, և երեխաները գալիս են՝ հաճախ չունենալով ճշմարիտ բազա: Եվ բազան այն չէ, ինչ նրանք անգիր են արել դպրոցում, այլ թե ինչպես են ճանաչում աշխարհը: Ինձ թվում է՝ կրթական ոլորտում մենք ունենք աշխարհաճանաչողության խնդիր: Եվ իմ քեռի Աշոտ Բլեյանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ստեղծում է այդ միջավայրը: Թող շատ բացվեն կրթահամալիրներ, թող շատ լինեն զարգացման ծրագրեր, բայց վերապատրաստելու համար մենք հիմք պետք է ունենանք, և այդ հիմքը պրակտիկ դաշտում օգտագործվի, այլապես մասնագետն ավարտում է և մնում է իր բուհի դռանը, ինչպես ես տարիներ առաջ:
-Կարծում եք՝ կրթական ոլորտում միայն դպրո՞ցն ունի բացեր:
-Ես չեմ մեղադրի միայն դպրոցին, դա համակարգի առաջնային մասնիկներից է: Եթե անկեղծ լինենք, այսօր դպրոցի տված գիտելիքներով մարդը միշտ չէ, որ կարողանում է իրեն իրացնել արդեն գոյություն ունեցող միջավայրում՝ սկսած նրանից, որ ես իմ ուսանողներին երբեմն սովորեցնում եմ՝ ինչպես օգտվել ինտերնետից, ինչպես օգտագործել որոնող կայքերը, ինչ բառ գրել, որ որոնող կայքերը տան այն ինֆորմացիան, որը նրանց պետք է: 21-րդ դարում քաղաքացին պարտավոր է սա իմանալ: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշակերտն ինձնից լավ կարող է համակարգչից օգտվել, ծրագրերով նկարել, գրել կամ կարդալ: Եվ չկա ընդհանուր երկխոսություն: Ոչ թե դպրոցն է միայն բաց թողնում, այլ դպրոցը, բուհը, ասպիրատուրան, բոլորս գնում ենք դասի, ուսուցիչները, դասախոսները գնում են սովորեցնելու, սակայն ընդհանուր կապ բոլորի միջև չկա:
Շարունակությունը՝ այստեղ: