Կալիֆորնիայում մի խումբ հայերի են ձերբակալել խարդախության համար
ՄիջազգայինՏասնյակից ավելի անձանց են դատում Հարավային Կալիֆորնիայում՝ հիփոթեքային արժեթղթերի եւ այլ խարդախությունների համար։ Դատախազության փոխանցմամբ, ձերբակալվածներն ընդհանուր առմամբ 15 միլիոն դոլարի վնաս են հասցրել։ 133 դրվագներով ներկայացված մեղադրանքում ասվում է, թե հանցագործությունները կատարվել են Լոս Անջելես, Ռիվերսայդ եւ Վենթուրա շրջաններում, հայտնում է Dailynews-ը։
Ձերբակալվածներին առաջադրվել են դավադրության, հիփոթեքային խարդախության, անձնական տվյալների գողության, փաստաթղթերի կեղծման, փողերի լվացման մեղադրանքներ։
Մեղադրյալներն օգտագործել են երկու ընկերություններ, որոնք տանտերերի համար էներգաարդյունավետ վերանորոգման ծառայություններ են մատուցել։
Մեղադրյալների թվում են 39-ամյա Թամարա Դադյանը, 42-ամյա Ռիչարդ Այվազյանը, 41-ամյա Արթուր Այվազյանը, 50-ամյա Գրիգոր Թաթոյանը, 46-ամյա Անդրանիկ Պետրոսյանը, 48-ամյա Արշակ Բարթումյանը, 43-ամյա Արտաշես Մարտիրոսյանը, 39-ամյա Լիլիթ Մալյանը, եւ երեք այլազգիներ։
11 մեղադրյալներ իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ Մալյանը մայիսի 18-ին կկանգնի դատարանի առջեւ՝ պաշտոնական մեղադրանքը լսելու համար։
Հետաքննությունը մի քանի տարի է տեւել, որին մասնակցել են Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը եւ դաշնային մի քանի գործակալություններ։