«Հովեր-անսամբլը» Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում արտասահմանում հանդես կգա հյուրախաղերով
2012 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվեցին «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակում «Հովեր-անսամբլ»-ը հասավ մեծ հաջողությունների՝ հանդես գալով Ֆրանսիայի, Գերմանիայի, Թայվանի, Վրաստանի հեղինակավոր համերգասրահներում:
2015 թվականի «Հովերի» համերգային շրջագայությունների մեկնարկը հունվարի 22-ից փետրվարի 5-ը կայանալիք շրջագայությունն է, ուր «Հովեր-անսամբլ»-ը մենահամերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Տալլինում և Սանկտ Պետերբուրգում: Համերգները կկայանան Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի ավանդական և փորձարարական նախագծերով: Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի և Մենակատարների անսամբլի, ինչպես և «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ:
«Հովերը» հայ կոմպոզիտորների մի շարք գործերի ստեղծման նախաձեռնողն ու առաջին կատարողն է (հեղինակներ՝ Վ. Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա. Ազիզյան. Ս. Երկանյան, Ե. Երկանյան, Ս. Բաբաթորոսյան):
«Հովեր» կամերային երգչախումբը հանդես է եկել մեծանուն երաժիշտների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվինիկաս, Դ. Գերինգաս, Ջ.Նելսոն, Մ. Կլաուզա և այլոք):
2011-ից «Հովերը» ակտիվորեն աշխատում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում: