Աշխարհն ընդունում է, որ Իրանը դառնում է ատոմային երկիր. Արամ Կարապետյան
PoliticsՀայտնի է, որ ապրիլի 2-ին շվեյցարական Լոզանում Իրանի ու «վեցյակի» միջև երկարատև բանակցություններն ավարտվեցին շրջանակային համաձայնագրի կնքմամբ, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց:
Orer.am-ը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ և փորձել ճշտել՝ ինչպիսի ազդեցություն կունենա այս իրադարձությունը տարածաշրջանային հետագա զարգացումների վրա:
Արամ Կարապետյանն նշեց, որ համաձայնագիրը նոր է և շատ բան դեռ տեսանելի չէ, այնուամենայնիվ, մեր զրուցակիցն առանձնացնում և նշում է երկու կարևոր հանգամանք. «Կարևոր հանգամանքներից մեկն ընդգրկում է տնտեսական ոլորտը՝ գազի և նավթի գները կիջնեն, չնայած մի քիչ դժվար է, քանի որ իրենք հիմա օրական 1մլն 250 հազ. բարել նավթ են արտահանում, իսկ առհասարակ եղել է 2.5 մլն-ից ավել, բայց քանի որ սանկցիաների տակ են եղել, այդքան արագ տեմպերով չեն կարող աճ արձանագրել: Ժամանակ և տեխնիկական հնարավորություններ են պետք, որպեսզի ավելացնեն ծավալները: Հիմա շատ մեծ ազդեցություն դեռ չի լինի, ապագայում կերևա: Դա կազդի և Ռուսաստանի, և Հայաստանի վրա, որովհետև մենք հիմնականում ապրում ենք Ռուսաստանից եկող տրանսֆերների հաշվին: Բոլորը խոսում են, որ այդ ազդեցություններն արդեն տեսանելի են: Կարծում եմ՝ ոչ հիմա, թեպետ ռազմավարական առումով արդեն որոշ բաներ երևում են: Խոսենք մյուս կարևոր հարցի մասին: Բայց ասեմ, որ չեմ ցանկանա դեռ աշխարհաքաղաքական թեմաներից խոսել և շեշտել, որ Իրանը գնում է դեպի Արևմուտք, որովհետև Իրանը մի քիչ «ծանր» երկիր է և ժամանակը ցույց կտա: Հիմա կարևորն այն հարցն է, որ փաստացի աշխարհը համաձայն է Իրանի ատոմային երկիր դառնալուն: Միևնույն է, թե ինչպես դա կարվի, ինչ անուն դրան կտրվի, քանի որ այդ համաձայնագրում կա 12 կետ, բայց եթե չեն փակում ծրագիրն ամբողջությամբ, ուրեմն հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Իրանը դառնալու է ատոմային պետություն: Դա նշանակում է, որ այդ մրցավազքի մեջ մտնելու են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, իսկ Իսրայելն արդեն կա: Ինչ էլ ասեն քաղաքական գործիչները՝ Օբաման և մյուսները, նրանք ընդունում են Իրանի ատոմային ծրագրի փաստը: Դա դժվար կացություն է ստեղծում տարածաշրջանի համար, գումարած նաև Եմենի, Սիրիայի և Իրաքի առկա դրությունը: Եթե իսկապես Իրանը թեքվի դեպի Արևմուտք, ապա կստեղծվի բարդ դիվանագիտական դրություն. դա կկապվի Ղարաբաղի խնդրի հետ, դա միանգամից կկապվի Թուրքիայի խնդիրների հետ, միանգամից կբերի «Նաբուկո» գազատարի նոր ծրագրի վերակենդանացմանը և բազմաթիվ խնդիրներ կառաջանան: Մի խոսքով՝ մենք կհայտնվենք քաոսի կիզակետում»,- ընգծեց Արամ Կարապետյանը:
Orer.am-ի հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանն արդեն մտահոգվում է այս ամենից, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մտահոգություն ունի: Դա երևաց բանակցությունների ընթացքում Լավրովի «չարտերային» մասնակցությունից. մի օր գալիս էր, մի օր գնում էր: Միանշանակ հասկանալի է, որ Ռուսաստանին դուր չի գալիս այս ամենը, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանը չի կարող այս պահին դեմ գնալ այդ ամենին, որ Իրանից հանում են սանկցիաները: Ռուսաստանը սպառազինությունների վաճառքի խնդիր կդնի: Մի կողմից Ռուսաստանը կփորձի Իրանում սպառազինությունների վաճառքով պահել շուկան, բայց նավթի ու գազի հարցերը կշարունակեն մտահոգել նրան, բացի այդ՝ կարող է ներքևից Թուրքիայով նավթ և գազ գնալ դեպի Եվրոպա և մեծ հարված կարող է հասցվել «թուրքական հոսքին», որի շուրջ վերջերս պայմանավորվեցին Պուտինն ու Էրդողանը: Նորից եմ կրկնում, եթե կատակլիզմներ և անսպասելի իրավիճակներ չստեղծվեն, ապա Իրանը դառնում է ատոմային երկիր: Բայց մյուս կաղմից նայեք՝ որտե՞ղ է ԱՄՆ-ը, որտե՞ղ է Իրանը և որտեղ է Ռուսաստանը: Ոչ մեկը չի ցանկանա, երևի դուք և ես նույնպես չենք ցանկանա ունենալ այնպիսի հարևան, որն ունի ատոմային զենք և բավականաչափ կոշտ դիմակայություն որոշ հարևանների հետ՝ Եմեն և այլն: Դրա համար կարծում եմ, որ այդ մտահոգություններն այտեղ կան. առհասարակ տարածաշրջանի ապակայունացման հետ կապված շատ հարցեր կան»:
Լևոն Փանոսյան