Ես ոչ մի տեղ ժպիտ կամ հումորային դեմքի արտահայտություն չտեսա. ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանում է քննադատություններին
SocietyԱպրիլի 4-ին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 3000 ՀՀԿ անդամ կանայք առավոտյան ժամը 10-ին միավորված երթով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհելով՝ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետ լրատվականները տարածեցին մասնակից տիկնանց ուրախ դեմքերով լուսանկարները, ինչն արժանացավ հանրության բուռն քննադատությանը: Orer.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այսօրվա միջոցառման մասնակից Ռուզան Մուրադյանի հետ՝ փորձելով ճշտել վերջինիս պատասխանը քննադատության հեղինակներին և ժպիտների պատճառը:
Ռուզան Մուրադյանը մասնավորապես նշեց. «Ես չեմ հասցրել ծանոթանալ այդ քննադատություններին, բայց պարզ է, որ ցանկացած լավ գործի մեջ քննադատողներ կլինեն: Ես ոչ մի տեղ ժպիտ կամ հումորային դեմքի արտահայտություն չտեսա: Դա բացառվում էր, որովհետև բոլորս այնպիսի հոգեվիճակում էինք, այնքան հուզված էինք, որ նման բան չէր կարող լինել: Իսկ թե ինչ-որ մեկը փորձել է մեր դեմքերի վրա ժպիտներ տեսնել, ես նորից եմ ասում, որ սպասելի էր, քանի որ հաջողված միջոցառում էր, շատ մեծ ակցիա էր և մենք այս քայլերթով մեր բողոքի ձայնը ուզեցինք բարձրացնել ամբողջ աշխարհին, բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մայրերը միանան մեր կոչին, և աշխարհի բոլոր կանայք կիսեն մեր մտահոգությունը՝ ոչ ասելով ոճրագործություններին:
Եթե այսքան լուրջ թեմայի մեջ, այսքան բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման մեջ մարդիկ «սև կետեր» են փնտրում, որպեսզի ինչ-որ ձևով չարախոսեն և միջոցառումը նվաստացնեն, ես դա ճիշտ չեմ համարում և հային վայել պահվածք չեմ համարում: Սա այն միջոցառումն է, որի շուրջ բոլորս պետք է միախմբվենք, միավորվենք: Մեր ոգին հաղթական էր, և եթե նկատեցիք, բոլորը ծաղիկներով էին: Ծաղիկը ուրախության նշան է. հիմա ի՞նչ՝ սա համարենք ուրախությո՞ւն: Դա մարտական կոչի պես մի բան էր, այդ կոչի մեջ մենք պետք է ապրենք հաղթելով և հաղթենք ապրելով: Եթե մենք չենք ընդունում մեր մեջ նման գաղափարախոսությունները, ապա անիմաստ է պայքարել ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար»:
Թեպետ տիկին Մուրադյանը նշում է, որ ժպիտներ չի տեսել, այնուամենայնիվ, առաջարկում ենք առավել ուշադիր հետևել լրատվական կայքերի՝ այսօրվա միջոցառման ֆոտոշարքերին:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի