Դեսպանները պետք է հասկանան, որ իրենք ընդամենը դեսպան են և ոչ ավելին
AnalysisՕրերս Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը հանդես եկավ իր առաջին ուշագրավ հայտարարությամբ, որը մեջբերում եմ բառացի. «ԱՄՆ-ը Հայաստանի առևտրային գործընկերների շարքում 5-րդն է, ինչը դրական է, բայց մենք՝ ամերիկացիներս, սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, և եթե կարող ենք դա անել, ես ուզում եմ, որ անենք»:
Եթե դեսպանն արտահայտում է իր երկրի պաշտոնական դիրքորոշումը (իսկ որպես դեսպան՝ նա այդպես էլ պարտավոր է անել), և եթե խոսքը վերաբերում է միայն առևտրային գործընկերությանը, ապա ԱՄՆ-ի՝ Հայաստանի հետ այն ավելի զարգացնելու ցանկությունը միայն դրական կարելի է ընկալել, քանի որ յուրաքանչյուր տնտեսական համագործակցությունից մենք միայն կարող ենք շահել: Սակայն մյուս կողմից, հաշվի առնելով ԱՄՆ-ի մեծ ախորժակը, որը նրա ողջ պատմության ընթացքում միշտ էլ մեծ է եղել, այս հայտարարության մեջ կարելի է նկատել նաև քողարկված սպառնալիք, մանավանդ որ դեսպանը բառացի ասել է, որ իրենք սիրում են լինել առաջինը ամեն ինչում: Այսինքն, տնտեսական ակտիվ համագործակցությունից անցումը դեպի քաղաքական իմաստով միջամտությունների ընդամենը մեկ քայլ է, իսկ թե ինչպես են արվում այդ քայլերը՝ գիտենք արդեն նորագույն պատմությունից:
Այս առումով, ես կարծում եմ, Հայաստանը պետք է բավականին զգույշ լինի, իսկ երկրի ղեկավարների խոսքերը և քայլերը պետք է լինեն մտածված և լավ հաշվարկված: Շատ կարևոր է կարողանալ զարգացնել տնտեսական համագործակցությունը նաև ԱՄՆ-ի նման գերտերության հետ՝ միաժամանակ թույլ չտալով գերտերությանը անցնել այն սահմանը, որը արդեն կբերի միջամտության երկրի գործերին՝ համապատասխան վտանգավոր հետևանքներով: Ընդ որում, ցանկալի կլիներ, որ այդ նույն սկզբունքը պահվեր Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:
Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպաններին, ապա երեկ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պորտադրման դասական օրինակ ցույց տվեց՝ պատասխանելով Չեխիայում ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոյի քննադատությանը՝ մայիսի 9-ին նախագահի՝ ՌԴ նախատեսված այցի վերաբերյալ: «Ես չեմ կարող պատկերացնել, թե Վաշինգտոնում Չեխիայի դեսպանը կարող է խորհուրդ տալ ԱՄՆ նախագահին, թե ուր պետք է մեկնի վերջինս, և թույլ չեմ տա ոչ մի դեսպանի խառնվել իրենց խորհուրդներով իմ օտարերկրյա այցերին»,- պատասխանել է Չեխիայի նախագահը:
Կարծում եմ՝ Չեխիայի նախագահի այս քայլը շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ շատ այլ երկրների ղեկավարների համար: Իսկ դեսպաններն էլ, այդ թվում՝ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանները, պետք է ի վերջո հասկանան, որ իրենք ընդամենը դեսպան են և ոչ ավելին:
Չհասկանալու դեպքում էլ պետք է նրանց հասկացնողներ լինեն:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան