Իրանի համար «պտտվելն» ու «շուռ գալը» մակերեսային դրսևորումներ են. Աշոտ Մանուչարյան
InterviewՆախորդ շաբաթ շվեցարական Լոզանում Իրանի ու «վեցյակի» միջև երկարատև բանակցություններն ավարտվեցին շրջանակային համաձայնագրի կնքմամբ, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց:Բազմաթիվ վերլուծաբաններ նկատում են, որ Իրանը գնալով թեքվում է դեպի Արևմուտք:
Orer.am-ը զրուցել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ և փորձել հասկանալ այս գործընթացների աշխարհաքաղաքական ազդեցությունը:
Աշոտ Մանուչարյանն ընդգծել է. «Իրանը բավականաչափ հին երկիր է՝ երևի մոլորակի վրա եղած քաղաքակրթություններից ամենաերկար պետականության ավանդույթները ունեցողը: Իրանի համար «պտտվելն» ու «շուռ գալը» մակերեսային շերտի դրսևորումներ են: Շատ խորը և բազմաշերտ համակարգ է իրենից ներկայացնում Իրանը: Իր խորության մեջ ամենահիմնաքարային համակարգերից մեկն է և հստակ գնում է ճանապարհով, որն անհայտ է մնում այսօրվա աշխարհի համար»:
Ըստ Ա.Մանուչարյանի՝ այսօրվա Ռուսաստանն իր՝ մակերեսային արձագանք ունեցող պետական համակարգով կարող է և մտահոգվել այս գործընթացներով, սակայն «ֆունդամենտալ» Ռուսաստանը պետք է հասկանա, որ Իրանը նույնպես ֆունդամենտալ երկիր է, և այն Ռուսաստանի համար, որը Յուրի Մամլեևը անվանում է «Հավերժ Ռուսաստան», Իրանը հիմնական դաշնակից է:
Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ եթե Հայաստանը նույնպես այս ամենում շահեր է փնտրում, ապա կարող է բազմաբևեռ առևտուրների համակարգում իրենը «փախցնել», իսկ եթե նպատակներ է դնում, ապա Իրանի հետ ֆունդամենտալ դաշնակից է նաև Հայաստանը, և Իրանի ամեն նոր հնարավորությունը Հայաստանի համար նոր քայլ է:
«Բայց այդ Հայաստանը, որի մասին ես խոսում եմ, այսօր գոյություն չունի: Մենք ընթացիկ, առևտրական համակարգ ենք: Այդ առումով դեռ վաղ է խոսել՝ ինչ մենք կարող ենք ստանալ Իրանից»,- եզրափակեց Ա.Մանուչարյանը:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի