Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի հրաժշետի համերգը
CultureԴեռ ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգի տարբեր վայրերում փակցված գունեղ ազդագրերը տեղեկացնում էին Շարլ Ազնավուրի հրաժեշտի համերգի մասին, որը կայացավ երեկ, ապրիլի 20-ին, Սանկտ Պետերբուրգի ամենամեծ «Օկտյաբրսկի» համերգային դահլիճում:
«Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ վերջին տասը տարվա ընթացքում աշխարհահռչակ երգիչը երկրորդ անգամ էր Սանկտ Պետերբուրգում համերգով հանդես գալիս: Ավելի քան մեկուկես ժամ տևած համերգն ուղեկցվում էր Ազնավուրի հետ Ֆրանսիայից ժամանած ջազ նվագախմբի հիանալի նվագակցությամբ:Համերգի ընթացքում հնչեցին Շարլ Ազնավուրի երգացանկի լավագույն էստրադային ստեղծագործությունները: Երգի Մեծ վարպետը երիտասարդական ավյունով կատարեց «Փարիզ», «Իմ սեր» «Իզաբել», «Էխ, ռազ, յեշչո ռազ», «Թեհրան 43» գեղարվեստական կինոյի համար գրված և Ռուսաստանում շատ սիրված «Հավերժական սեր» երգը:
Իսկ «Մամա» երգի կատարումը դահլիճը ոտքի վրա ունկնդրեց ու ծափահարեց:Լեփ լեցուն դահլիճը յուրաքանչյուր երգ այնպիսի խանդավառությամբ էր ընդունում, ասես, առաջին անգամ էր լսում բազմիցս հնչած ու այդքան սիրված նրա երգերը: Հավելենք նաև, որ Շարլ Ազնավուրը ճանաճվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգի կատարող, նրա երգացանկում հաշվվում է հազար երեք հարյուր երգ, դրանք հնչել են նրա և այնպիսի ճանաչված երգիչների կատարմամբ, որպիսիք են Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյեն և ուրիշներ: Շարլի հետ միևնույն բեմահարթակում երգել են աշխարահեռչակ կատարողներ Լուչանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան,Պատրիցիա Կաասը, Պլասիդո Դոմինգոն և այլք:Շարլ Ազնավուրը Սանկտ Պտերբուրգից հետո հրաժեշտի համերգ կտա Մոսկվայում:
Յուրի Կարապետյան