Այդ հայտարարությունը Եվրոպային եւս մեկ անգամ պետք է հիշեցնի, թե ինչ է նշանակում թուրքական դիվանագիտություն. Կ.Աճեմյան
PoliticsՂազախստան մեկնելուց առաջ օդանավակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կրկին անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը, ասել էր. «Իմ երկրում ապրում է 100 հազար հայ` ՀՀ քաղաքացի, նրանք ոչ մեկից չեն տարբերվում: Մենք ոչ ոքից պաշտպանվելու կարիք չունենք: Մեր երկրում եղե՞լ է նրանց դեմ ինչ-որ վերաբերմունք: Կան հայեր, ովքեր մեր երկրի քաղաքացի չեն, մենք կարող ենք նրանց արտաքսել, սակայն չենք անում դա»:
Նա նաեւ նշել էր, որ. «Այդ հարցով մյուս պետությունների կամ ժողովուրդների գնահատականներն արժեք չունեն. դրանք իրենց մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս»:
Փրփուրներից կախվող Թուրքիայի նախագահը հիշել է նաև Վանա լճի Աղթամար եկեղեցու վերականգնումը պետության կողմից: «Այլոց գնահատականները կարևոր չեն: Եվրախորհրդարանը ինչքան ուզում է, թող որոշումներ ընդունի. իմ մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս: Մենք ԱՄՆ-ին էլ ենք սա ասում: Խորհրդարանի նախագահը ևս մեզ նման է մտածում»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահի նման խուճապային հայտարարությունների հետ մասին Orer.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ. «Այդ հայտարարությունը խոսում է ոչ միայն Թուրքիայի ղեկավարության, այլ նաեւ Էրդողանի ցինիզմի մասին, իհարկե մեր պարագայում ամենաբարդն այն է, որ Թուրքիան երբեք էլ առաջադեմ չդարձավ եւ եվրոպական արժեքը չհասկացավ, նա չհասկացավ նաեւ, թե ինչ է քաղաքակրթությունը:
Ասեմ, որ շատ դժվար է նրանց որեւէ բան համոզել, երեւի թե որոշ հարցերի շուրջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական լծակները գործի դնել»:
Հարցին, թե արդյո՞ք այս հարվածն ավելի շատ Եվրոպային չէր ուղղված, եւ ինչ հետեւություններ պետք է անեն եվրոպական երկրները, պատգամավորը պատասխանեց. «Այդ հայտարարությունը Եվրոպային եւս մեկ անգամ պետք է հիշեցնի, թե ինչ է նշանակում թուրքական դիվանագիտություն, ովքեր են թուրքերը եւ ինչ նպատակներ ունեն Թուրքիայի իշխանությունները, որովհետեւ որեւէ քաղաքակիրթ երկրում այդպիսի հայտարարություն երկրի ղեկավար կողմից չի կարող հնչել»:
Սոսե Չանդոյան