Իսրայելում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունը մեծացել է. Ռիմա Վարժապետյան
PoliticsԵնթադրվում էր, որ Իսրայելը առաջինը պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, քանի որ հրեա ազգը նույնպես սեփական մաշկի վրա զգացել է հակամարդկային այս ոճրի դառնությունը: Սակայն քաղաքականության մեջ միշտ չէ, որ ամեն բան միանշանակ է, իսկ էմոցիոնալ գործելաոճն այստեղ չի անցնում:
Իրական քաղաքականությունը հիմնված է սառը հաշվարկների վրա: Հաշվի առնելով այս գործոնները՝ մենք պետք է ոչ թե գոռանք պահանջատիրության մասին, այլ մտածենք աշխարհի վրա ազդեցության լծակներ ունենալու մասին:
Ինչ վերաբերում է հրեական պետության կոմից Մեծ եղեռնի ճանաչմանը, ապա Իսրայել-Թուրքիա կապը շատ ամուր է: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր դեռևս այդ ճանաչումը չի բխում Իսրայելի շահերից: Այս հարցում կա ևս մեկ գործոն. որքան էլ կոպիտ հնչի, բայց Իսրայելը Հոլոքոստը կարծես ավելի բարձր է դասում Հայոց ցեղասպանությունից. տպավորություն կա, որ այն հրեաների «մենաշնորհն» է:
Այնուհանդերձ, Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն ավելի լավատեսական մոտեցումներ ունի:
Orer.am-ի լրագրողին մեկնաբանելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների հարցը՝ տիկին Վարժապետյանը նշեց. «Հայաստանի և ողջ Սփյուռքի համար այս տարին շատ կարևոր է: Ինձ թվում է, որ շրջադարձային փոփոխություններ են սպասվում 2015 թվականին և հետագայում: Շատ կարևոր հաղորդագրություններ և նոր տեղեկատվություններ ենք ստանում: Կարծես թե ամբողջ աշխարհը զարթնում է: Իմ տվյալներով՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունը մեծացել է: Նույնիսկ նրանք, ովքեր չէին հետաքրքրվում այդ դեպքերով, սկսել են խորանալ պատմության մեջ: Հուսով եմ, որ մոտ ապագայում Հայոց ցեղասպանությունը կճանաչվի Իսրայելի կողմից, հատկապես այն դեպքում, որ այս տարի քաղաքական փոփոխություններ են նկատվում. Իսրայելից եկան երկու խորհրդարանական, ես մասնակցում էի ֆորումին, որտեղ շատ իսրայելաբնակ հրեաներ և պաշտոնական անձինք կային, ովքեր ժամանեցին Իսրայելից: Այս ամենը վկայում է, որ լռելու քաղաքականությունը մի կողմ է քաշվում և գալիս է խոսելու ու ճանաչելու գործընթացը»:
Լևոն Փանոսյան