Թուրքիան իր պահվածքով ուզում է ասել, որ չի զիջելու, բայց՝ իզուր. Լ.Ալեքսանյան
SocietyԱյսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը:
Հարգանքի տուրք են մատուցել նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Լեռնիկ Ալեքսանյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Թուրքիայի վարած ներկայիս քաղաքականության վերաբերյալ Orer.am-ի հետ զրույցում նշեց. «Դժվար է ասել, թե ինչ քաղաքականություն կվարի այսուհետ Թուրքիան: Կարծում եմ, որ Հռոմի պապի խոսքից հետո Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ն, այնուամենայնիվ, կշարունակի վարել կոշտ քաղաքականություն: Պետք է նշեմ, որ Թուրքիայի վարած այսօրվա դիվանագիտությունը կապված է Էրդողանի խառնվածքի հետ, հենց դա է պատճառ հանդիսանում, որ նա շատ անգամ դիմում է շանտաժի մեթոդին»:
Հարցին, թե ինչի կհանգեցնի հարեւան, բայց ոչ երբեւէ բարեկամ երկրի վարած քաղաքականությունը, երբ Հայոց ցեղասպանության հարցը այսօրվա դրությամբ քննարկում եւ ընդունում են մի շարք առաջադեմ երկրներ, պատգամավորը պատասխանեց. «Թուրքիան շատ լավ գիտի, որ եթե այսպես շարունակվի, ապա քաղաքական հարթությունից հարցը տեղափոխվելու է նաեւ իրավական հարթություն, որտեղ արդեն միջազգային հանրության կողմից կավելանա նաեւ հայերնազրկման տերմինը. Թուրքիան շատ լավ գիտի, որ սա շարունակական գործընթաց է, այդ իսկ պատճառով էլ նման հիստերիկ պահվածք է դրսեւրում:
Նկատենք, որ Թուրքիան իր պահվածքով ուզում է ասել, որ չի զիջելու, բայց՝ իզուր: Հավանաբար նրանք մտածում են, որ այս ամենը եւ ընդհանուր առմամբ պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար կլինի մինչեւ ապրիլի 24-ը: Պետք է հիասթափեցնեմ նրանց ու ասեմ, որ մենք մեր պայքարը պետք է շարունակենք այնքան ժամանակ մինչ Թուրքիան ուշքի կգա: Այո, Թուրքիայի մտավախությունը մեծ է, քանի որ մեկ հարցում զիջելով՝ նա ստիպված կլինի հետեւանքների մասին եւս մտածել»:
ՀՀԿ-ական պատգամավորը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված կարեւորեց նաեւ հայկական սփյուռքի պահանջատեր լինելու գործոնը. «Այս հարցում մեծ դերակատարություն ունի հայկական սփյուռքը: Եթե պայքարը շարունակվի եւ ամեն ինչ պայմանավորված չլինի տարելիցով, ապա Թուրքիան կմեղմացնի իր կողմից վարած քաղաքականությունը»:
Սոսե Չանդոյան