Թուրքիայի կողմից սրանք ժամանակավոր ձեռքբերումներ են. Ստյոպա Սաֆարյան
PoliticsԻնչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ շաբաթ կայացավ ԵԽԽՎ հերթական նիստը, որին մասնակցում էին նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ամփոփելով հայկական պատվիրակության աշխատանքները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ, հայտնեց, որ Լ. Զուրաբյանի առաջարկով պատվիրակները ոտքի են կանգնել ու հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ բացի թուրքական պատվիրակությունից: Սակայն, ըստ նրա, թուրքերից մեկն, այնուամենայնիվ, ոտքի է կանգնել, որի համար էլ վերջինս արժանացել է խիստ քննադատությունների: Թե ինչի մասին է վկայում թուրքական պատվիրակության` իր իսկ պատգամավորի հանդեպ նման պահվածքը, Orer.am-ը ճշտեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանից, ով նկատեց.
«Թերեւս սա լավագույնս ցույց է տալիս, թե ինչ արժի թուրքական ժողովրդավարությունը: Վերջին տարիներին Թուրքիան ակնհայտորեն փորձում է միջազգային հանրության առջեւ գլուխ գովել եւ դասախոսություններ կարդալ, թե իբր իրենց երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ չկան: Սակայն միայն այն, որ մանդատ ունեցող պատգամավորի նկատմամբ նման ճնշումներ են կիրառվում, արդեն ցույց է տալիս, որ, ըստ էության, պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ սկզբունքներով: Դա նաեւ ցույց է տալիս, որ Թուրքիայի քայլերն առայժմ շատ հեռու են իրական եւ բովանդակային լինելուց եւ որ դրանք առավելապես իմիտացիաների դաշտում են»:
Հարցին, թե ինչի կհանգեցնի Թուրքիայի վարած քաղաքականությունը սեփական ժողովրդի եւ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձնաց նկատմամբ` ճնշումներ գործադրելու հետ կապված, Ս. Սաֆարյանը նշեց. « Թուրքիան շատ երկար ժամանակ է նման վիճակում եղել եւ հիմա էլ զարմանալի չէ, որ անցյալի իներցիան ավելի ուժեղ է, քան այն փոփոխությունների շունչը, որը կարող է նկատվել: Թուրքիան ուզի թե չուզի` բացվելու է: Տվյալ պետությունը կամ պետք է որոշում կայացնի հստակ ավտորիտարիզմի անցնելու մասին, կամ էլ նման կիսատ-պռատ վիճակներով չի կարող շարունակել: Պետությունը բոլորի վարքագիծը չէ, որ կարող է վերահսկել, հետեւաբար սրանք ուղղակի ժամանակավոր հաջողություններ են»:
Սոսե Չանդոյան