Թուրքիայի լրատվական դաշտին հետաքրքիր էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները
InterviewԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 24-ին թուրքական CNBC հեռուստաընկերության ուղիղ եթերում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:
Հաղորդավարի խոսքի ընթացքում, որը վերաբերել է Գալիպոլիում ընթացող տոնակատարություններին, էկրանին երեւացել են Ծիծեռնակաբերդում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների կադրերը: Տեղեկատվական պատերազմի ամենաթեժ պահին ինչ տակտիկական քայլ էր դա Թուրքիայի կողմից Orer.am-ը ճշտեց բլոգեր Տիգրան Քոչարյանից.
«Եթե մոտ 30 կամ 40 տարի առաջ Թուրքիան փակում էր Հայոց ցեղասպանության հարցն իր երկրի ներսում, ապա այսօրվա դրությամբ ինֆորմացիայի ճեղքում է գնում: Այս տարի նրանք սահմանափակեցին այն կայքերը, որոնք1915 թվականին Օսմանյան Թուրքիայիում տեղի ունեցածի հետ կապված մասնագիտացված տեղեկատվություններ էին տալիս : Քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ աղմուկը բավականին մեծ էր, ապա, այսպես թե այնպես, ինֆորմացիոն հոսքերը սկսեցին ներթափանցել Թուրքիա, եւ թուրք հասարակությունը սկսեց հետաքրքրվել դրանով: Քանի որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները եւս Հայաստանում էին, իսկ մենք գիտենք, որ Թուրքիան այդ երկու երկրների հետ առեւտրային հարաբերություններ ունի, նրանց հետաքրքիր էր, թե ինչ է ասվելու Հայաստանում, Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո որն է լինելու նրանց հաջորդ քայլը եւ ինչով է այդ ամենը վերջանալու: Հենց զուտ այս պատճառով էլ Թուրքիայի լրատվական դաշտին հետաքրքիր էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Էկրանի մի մասին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հեռարձակումը նաեւ կարող է պայմանավորված լինել նրանով, որ մեր երկիրը գտնվում էր միջազգային բոլոր ԶԼՄ-ների ուշադրության էպիկենտրոնում:
Տիգրան Քոչարյանը նաեւ հավելեց. «Հռոմի պապի պատարագից եւ Քիմ Քարդաշյանի այցից հետո միջազգային հանրության քննարկման թեման Հայոց ցեղասպանությունն էր, ուստի նրանց չէր հաջողվել սահմանափակել տեղեկատվական ողջ հոսքը, իսկ թուրք հասարակությանը, ինչ խոսք, հետաքրքիր էին այն զարգացումները, որոնք կատարվում էին: Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ ամբողջ աշխարհի ԶԼՄ-ներն այդ հարցը լուսաբանում էին: Ստեղծված իրավիճակում եթե թուրքական ալիքները դա ցույց չտային, ապա Թուրքիայի տարածքում այն կհեռարձակվեր CNN-ի եւ այլ ալիքների միջոցով:
Բլոգերը նկատեց, որ Թուրքիան, հետեւելով Հայաստան այցելած նախագահների պահվածքին ու խոսքին, հետեւություններ է անելու եւ որոշելու է արտաքին քաղաքական դաշտում իր հետագա անելիքները:
Սոսե Չանդոյան