Թևան Պողոսյան. Ամերիկյան մի շարք կոնգրեսմեններ, գիտնականներ նամակով դիմել էին Օբամային, սակայն...
InterviewԱՄՆ նախագահ Բարակ Օբաման այս տարի եւս չարտասանեց Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը: Դրա փոխարեն նա օգտագործեց հնարավոր բոլոր հոմանիշներն ու իմաստային առումով բարեկամ բառերը:
Թե իրականում ում է պետք Օբամայի կողմից հնչող ցեղասպանություն բառը, երբ ԱՄՆ-ի նահանգների մեծամասնությունն ընդունել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված սպանդը` որպես ցեղասպանություն, Orer.am-ը պարզեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից.
«Այս հարցին պետք է խորը նայել: Խնդիրն այսօրվա դրությամբ ցեղասպանություն բառն ասել կամ չասելու մեջ չէ: Եթե մենք վերլուծենք Օբամայի տեքստը, որտեղ արվում է հղում Հռոմի պապի ելույթին, ապա դա վկայում է, որ նա իր կարծքը չի փոխել ելույթների մասին: Դա նույնն է, ինչ ցեղասպանություն բառն այլ բառով փոխարինես:
Ինչ խոսք, Օբաման պատասխանատվություն է կրում իր կատարած քայլերի համար իր իսկ ընտրազանգվածի եւ այն հայերի առաջ, որոնց խոստումներ է տվել: Այդ հարցը մնում է Օբամայի ուսերին, եւ եթե նա պատմության մեջ ուզում է մնալ որպես մի նախագահ, ով խոստումներ է տվել ու չի կատարել, ապա նա այդ բառը չի արտասանի: Չմոռանանք, որ նույն Օբամայի համար դեռ հնարավորություն կա 2016 թվականին սխալները շտկելու համար: Ուզում եմ ասել, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը 100-րդ տարելիցով չի ավարտվում»:
ԱՄՆ-ի` Թուրքիային սիրաշահելու եւ խոշոր հաշվով այդ ամենից մեծ շահ ունենալու հետ կապված` պատգամավորը նկատեց. «Այսօրվա դրությամբ աշխարհում առաջացել է մեծ ալիք` Ցեղասպանության հարցի հետ կապված: Նշեմ, որ ամերիկյան մի շարք կոնգրեսմեններ, գիտնականներ նամակով դիմել էին Օբամային եւ ասել, որ նա պետք է ասի ցեղասպանություն բառը, քանի որ դա մեծագույն շարժառիթ կլինի հարցի ճանաչման համար: Սակայն, ինչպես նկատեցիք, Օբաման ցեղասպանություն բառի չկիրառելը կապում է իր երկրի շահերի հետ, բայց նա որեւէ մեկին չի փորձում սիրաշահել»:
Անդրադարձ կատարելով օրերս Թուրքիայի արտգործնախարարի ԱՄՆ այցին` Թեւան Պողոսյանն ասաց. «Գիտենք, որ Թուրքիայի արտգործնախարարը մի քանի օր առաջ մեկնել է ԱՄՆ, եւ, ըստ իս, այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ որոշ պահանջներ է դրել, որոնց կատարման համար Թուրքիան պետք է անի ամեն ինչ, որպեսզի Օբաման Հայոց ցեղասպանություն արտահայտությունը չարտաբերի»:
Սոսե Չանդոյան